Հալիձորի բերդ (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավարևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։ 20210814_102748_Trim_Trim_Trim



